Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ

Համաձայնագրով կսահմանվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական մոտեցումներ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:

Համաձայնագրով սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական մոտեցումները:

«Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն կիրառում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ»,- ընդգծել է Նարեկ Տերյանը:

Ըստ նրա՝ փաստաթղթի դրույթները միտված են ներդաշնակեցնելու արտահանողների հետ փոխգործակցության և ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ հետագայում գործակցության էլեկտրոնային ձևաչափի անցման միջոցով:

Ակնկալվում է, որ ապրանքների ծագման հավաստագրեր տվող կազմակերպությունների հետ փոխգործակցության միասնական մեխանիզմների մշակումը կդյուրացնի անդամ պետությունների արտահանողների մուտքը երրորդ երկրների շուկաներ:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագրի վավերացմամբ կլուծվե՞ն թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի արտահանման ժամանակ այդ իրերի ծագման վկայականին առնչվող հարցերը:

Դրական պատասխանելով հարցին՝ զեկուցողը հիշեցրել  է, որ կես տարի առաջ ստեղծվել է արտադրողների միասնական ռեեստր, որտեղ որպես արտադրող կարող են գրանցվել թանկարժեք մետաղներից իրեր արտադրող ընկերությունները: Եվ այդ հանգամանքն արտահանման ընթացքում կվկայի իրի՝ Հայաստանում արտադրված լինելու մասին:

Համաձայնագիրը քննարկվել է սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում: