Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ. Պոլոլիկաշվիլին` Փաշինյանին

Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ. Պոլոլիկաշվիլին` Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության հետևողական զարգացումն ու ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշելով, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ Կառավարության համար ունի առանցքային նշանակություն՝ վարչապետն ընդգծել է նաև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների մշակման անհրաժեշտությունը:

Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ և այդ առումով կարևորել այս օրերին մեր երկրում անցկացվող Գինու զբոսաշրջության համաշխարհային փառատոնի անցկացումը: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ այն նաև նպաստում է տուրիզմի զարգացմանը Երևանից դուրս:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի զբոսաշրջային ներդրումային ուղեցույցի մշակման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այն մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ: Ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունենալու այսօր երեկոյան: