Սա ամենավատ սցենարն է. Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հնարավոր պատժամիջոցների մասին

Սա ամենավատ սցենարն է. Վրաստանում ԵՄ դեսպանը՝ հնարավոր պատժամիջոցների մասին

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին մեկնաբանել է Politico պարբերականի տեղեկությունը՝ Թբիլիսիի հետ առանց վիզայի ռեժիմի ժամանակավոր չեղարկման հնարավորության մասին: Նրա խոսքով՝ դա հնարավոր ամենավատ սցենարն է։

Գերչինսկին անդրադարձել է Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին. «Մենք հույս ունենք, որ ընտրարշավը կանցնի խաղաղ և առանց բռնության, իսկ ընտրությունները կլինեն ազատ ու արդար: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել»:

Նա համեմատություն է անցկացրել Բելառուսի հետ, նշել՝ ԵՄ-ն չի ճանաչել այդ երկրում անցկացված նախագահի ընտրության արդյունքը և պատժամիջոցներ է սահմանել:

«Սա ամենավատ սցենարն է, և մենք հույս ունենք, որ Վրաստանի դեպքում այդպես չի լինի»,- ասել է ԵՄ դեսպանը:

Նրա խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է աշխատել Վրաստանի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության հետ: