ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի ուսանողներին և դասախոսական կազմին է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը:
Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարը, նախագծի կապը Թամանյանական նախագծի հետ: Վարչապետի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի փոքր կենտրոնը, եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո ձևավորվել է որպես Ակադեմիական քաղաք, բայց ժամանակի ընթացքում Երևան քաղաքի տրամաբանությունը մի փոքր փոխվել է:
«Շատ կարևոր է արձանագրել, որ այդ փոփոխությունների ընթացքում և համատեքստում գիտակրթական միջավայրը կորսվել է: Ի՞նչ է տեղի ունեցել գիտակրթական միջավայրի հետ՝ այն, ինչ ի սկզբանե նախատեսվել է որպես մի ամբողջություն, դարձել է կտրտված, հատվածական», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն շենքերի և լոգիստիկայի փոփոխությանը չի վերաբերում, այլ նաև կրթական միջավայրի տեմպի փոփոխությանը:
Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նպատակ է դրված կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, միջազգային չորս վարկանիշային աղյուսակներում ունենալ չորս բուհ առաջին 500-յակի մեջ և ապահովել բարձրագույն կրթության և գիտության զարգացման ժամանակակից միջավայր: Այս համատեքստում, վարչապետը խոսել է նաև հանրային կրթության կարևորության, կրթությանը զուգահեռ հետազոտության անհրաժեշտության, առողջ ապրելակերպին նպաստող սպորտային ակտիվության ապահովման, մշակութային կենտրոնների ստեղծման և ընդհանրապես՝ մարդու զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների ստեղծման մասին, որոնք ներառված են «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգում:
«Այս ծրագիրն իրականացնելու համար շատ կարևոր է, որ այն դառնա ուսանողների և դասախոսների ծրագիր, որովհետև Կառավարությունը՝ Կառավարություն, այո՛, իր առաջնորդող դերը պիտի կատարի, բայց շահառուներն ուսանողներն են և դասախոսները»,- նշել է վարչապետը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հարց է առաջացել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության Կառավարությունը բավարար չափով ֆինանսավորո՞ւմ է կրթությունը, և բացասական պատասխանի հետևանքով Կառավարությունն իր առաջ խնդիր է դրել ֆինանսավորումն ավելի կոնկրետ և թիրախային իրականացնել:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում է «Ակադեմիական քաղաք»-ում միջազգային չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում, երկաթուղու ապահովում, շրջանաձև երկաթուղային երթևեկության ապահովում:
Անդրադառնալով արվեստի կլաստերին՝ վարչապետը նշել է, որ այն միավորելու է արվեստի ոլորտի բուհերը և առաջին հերթին ապահովելու է ստեղծագործելու միջավայր: Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծել է, որ մշակութային կլաստերում նախատեսվում է կառուցել դահլիճ, որը նախատեսված է լինելու և՛ կինոդիտումների համար, և՛ օպերաների համար, ծառայելու է և՛ որպես համերգասրահ, և՛ որպես ցուցասրահ: ««Ակադեմիական քաղաք»-ի ամբողջ գաղափարը նրանում է, որ արվեստի կլաստերում Արվեստի համալսարանի ուսանողն իր սովորածը կոմերցիալիզացնելու հնարավորություն ունենա»,- նշել է վարչապետը և հավելել. ««Ակադեմիական քաղաք»-ի առանցքային գաղափարը հենց դա է՝ սովորել և իրացնել սովորածը, վաճառել սովորածը»:
Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:
Լոնդոնի Արվեստների համալսարանի գլոբալ ներգրավվածության տնօրեն Իան Սթորեյն իր հերթին ներկայացրել է բուհի գործունեությունը, ստեղծված կրթական պայմաններն ու հնարավորությունները, կրթական միջավայրը: