Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարության նիստում քննարկվել է Թուրքիայի և տարածաշրջանի օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» տարածաշրջանային գործակցության ձևաչափով հանդիպումը:
«Հարթակն արդյունավետ է և հասցեագրում է մեր կարևոր կարիքները: Ձգտում ենք դրան ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել»,- հավելել է նա:
Էրդողանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել:
«Ուշադիր հետևում ենք այդ ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին։ Ակնկալում ենք հնարավորինս շուտ լավ նորություններ ստանալ՝ նախքան արտաքին ուժերը հնարավորություն կունենան սաբոտաժի ենթարկել գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը, հավելել՝ Անկարան շարունակելու է աշխատել Բաքվի հետ համակարգմամբ: