Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին՝ ընտրություններում իր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ. Զելենսկի

Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին՝ ընտրություններում իր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ տպավորիչ հաղթանակի առթիվ և հիշեցրել սեպտեմբերին Թրամփի հետ իր հանդիպման մասին:

«Ես հիշում եմ սեպտեմբերին մեր հիանալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ, երբ մանրամասն քննարկեցինք Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը, Հաղթանակի ծրագիրը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան վերջ տալու ուղիները։

Ես գնահատում եմ նախագահ Թրամփի հավատարմությունը համաշխարհային գործերում «խաղաղություն՝ ուժի միջոցով» մոտեցմանը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել արդար խաղաղությունն Ուկրաինայում։ Հուսով եմ, որ մենք միասին այն կյանքի կկոչենք:

Մենք անհամբեր սպասում ենք ուժեղ Միացյալ Նահանգների դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ, ապավինում ենք ԱՄՆ-ում Ուկրաինային շարունակական ուժեղ երկկուսակցական աջակցությանը:

Մենք շահագրգռված ենք զարգացնել փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցություն, որը օգուտ կբերի մեր երկու ժողովուրդներին։ Ուկրաինան՝ որպես Եվրոպայի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկը, ձգտում է երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն ապահովել մեր դաշնակիցների աջակցությամբ Եվրոպայում և անդրատլանտյան համայնքում:

Ես անհամբեր սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»,- գրված է Զելենսկու X-ի էջում։