Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար

Վրաստանի իշխող կուսակցությունը Կոբախիձեին ներկայացրել է վարչապետի պաշտոնում վերանշանակվելու համար

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այդ մասին «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու ներկայացնելու իրավունք և լիազորություն։ Եվ անակնկալ չէր, որ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի թեկնածու առաջադրեց Իրակլի Կոբախիձեին»,- ասել է Մդինարաձեն։ Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնի թեկնածուն կլինի օրենսդիր մարմնի գործող ղեկավար Շալվա Պապուաշվիլին:

Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կգործեն մինչև նոր կաբինետի նշանակումը։