ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ 100 տոկոսի մաքսատուրքեր կսահմանի BRICS անդամների նկատմամբ, եթե նրանք փորձեն նոր արժույթ ստեղծել կամ հրաժարվել դոլարից։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը կպահանջի BRICS-ի «թշնամական երկրներից» պարտավորվել չգնալ նման քայլի:
«Այլապես նրանք ստիպված կլինեն հրաժեշտ տալ ԱՄՆ հիասքանչ տնտեսության հետ հարաբերություններին»,- Truth Social-ի էջում գրել է Թրամփը: Նա հավելել է՝ այս նախազգուշացումը վերաբերում է ամբողջ աշխարհին:
Միասնական արժույթի ստեղծման հարցը քննարկվել է 2023-ի BRICS գագաթնաժողովում։ Կազմակերպության անդամները կարծիք են հայտնել, որ այդպիսով առևտրային գործարքները և նախագծերի ֆինանսավորումը կհեշտանան: Միասնական արժույթը նաև պետք է նվազեցնի միջազգային հաշվարկներում դոլարից և եվրոյից կախվածությունը:
2024 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, հայտարարել է, որ միասնական արժույթ ստեղծելու պահը դեռ չի հասունացել, այժմ դիտարկվում է ազգային արժույթների օգտագործումն ընդլայնելու հնարավորությունը։