ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների 16-րդ փաթեթի շուրջ, հաղորդում է Financial Times-ը։
Մշտական ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ, նրանց հաստատած փաթեթը կուղարկվի Եվրամիության երկրների ղեկավարների հաստատմանը։
«Պատժամիջոցներն ուղղված են ևս 13 բանկի և 73 տանկերների, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ»,- հայտնում է FT-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է նաև «փուլային» արգելք ԵՄ երկրների համար ռուսական ալյումինից արտադրանքի որոշակի տեսակների գնման հանդեպ։
Euronews-ն էլ նշել է, որ չորեքշաբթի Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցրել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը պնդում է Ուկրաինայի ճակատագրի շուրջ բանակցություններ վարել՝ կասկածի տակ դնելով կոշտ սահմանափակումների երկարաժամկետ կենսունակությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ենթադրել է, որ Եվրոպային, ի վերջո, կկանչեն բանակցությունների սեղանի շուրջ ՝ քննարկելու Կրեմլի համար պատժամիջոցների մեղմացումը: Նա ընդգծել է, որ «բոլոր կողմերը» ստիպված կլինեն գնալ զիջումների, մինչդեռ, ըստ լրատվականի, ԵՄ-ն ձգտում է պահպանել իր կոշտ քաղաքականությունը, գոնե այս պահին: