Հայաստանը ԵԱՏՄ-ի կարևոր մասնակից է, ուստի մեզ չեն կարող չանհանգստացնել Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված Երևանի քայլերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
Նրա խոսքով՝ հայ գործընկերների հետ շփումների ընթացքում պարզաբանում են ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելու անհնարինությունը:
«Երևանում լավ են հասկանում ԵԱՏՄ-ին մասնակցելու օգուտներն ու դրանից դուրս գալու դեպքում բացասական հետևանքները։ Եվրամիությունը չի կարող փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները»,- ասել է պաշտոնյան։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը երբևէ չի հայտարարել Եվրասիական Միությունից դուրս գալու մտադրության մասին:
«Այն դեպքում, եթե Երևանը, այնուամենայնիվ, ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, այլ կերպ ասած՝ խախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ՝ Միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- նշել է Աղասանդյանը: