Կիրակի՝ մայիսի 18-ին կայացած Լեհաստանի նախագահի ընտրության առաջին փուլում, ըստ էքզիթ փոլի, 13 թեկնածուից ոչ ոք չի ստացել հաղթելու համար անհրաժեշտ ձայների 50%-ից ավելին:
Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում անելով կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ձայների 99.7 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» լիբերալ-պահպանողական թեկնածու, Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին, որը ստացել է ձայների 31.2 տոկոսը, և ազգային-պահպանողական «Իրավունք և արդարադատություն» կուսակցության թեկնածու Կարոլ Նավրոցկին, որը ստացել է ընտրողների 29.7 տոկոսի աջակցությունը, կանցնեն երկրորդ փուլ: Այն կկայանա հունիսի 1-ին։
Ըստ լրատվական գործակալության՝ Լեհաստանում ընթացող նախագահի ընտրությունը համարվում է վճռորոշ երկրի քաղաքական վեկտորի առումով։ Լեհաստանի կառավարության եվրոպամետ ղեկավար Դոնալդ Տուսկին Ռաֆալ Տշասկովսկու հաղթանակն է անհրաժեշտ՝ բազմաթիվ բարեփոխումներ իրականացնելու համար, որոնց դեմ, մասնավորապես, հանդես էր գալիս Լեհաստանի ներկայիս նախագահ Անջեյ Դուդան։
Եթե Կարոլ Նավրոցկին հաղթի Լեհաստանի նախագահի ընտրության երկրորդ փուլում, դիտորդները չեն բացառում խորհրդարանի արտահերթ ընտրության հնարավորությունը։
Երկրի նախագահը Լեհաստանում ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Պետության ղեկավարը ազդեցություն ունի երկրի արտաքին քաղաքականության վրա, նշանակում է վարչապետին և իր կաբինետի անդամներին, իսկ պատերազմի դեպքում Լեհաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարն է, հիշեցնում է dpa-ն։