ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ը կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան։
Ըստ կազմակերպության՝ այցի ընթացքում Էլինա Վալտոնենը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Վրաստանում հանդիպումները կկենտրոնանան Վրաստանի ներքին և արտաքին մարտահրավերների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԵԱՀԿ-ի կողմից 2008 թվականի պատերազմի հետևանքների լուծմանն ուղղված Ժնևի միջազգային բանակցություններին շարունակական աջակցությանը», — ասվում է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը նշում է, որ Ֆինլանդիան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական տարածքի պաշտպանությանը և քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, և որ այս առաջնահերթությունը կընդգծվի այցի ընթացքում։