The Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայով անցնող խողովակաշարերով Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումները վերսկսելու ծրագրին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ռուսական գազի մատակարարումները վերսկսելու գաղափարն առաջարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Ենթադրվում է, որ ռուսական գազի վաճառքը կիրականացվի ամերիկյան միջնորդի միջոցով՝ եվրոպական պատժամիջոցներից խուսափելու համար:
Ամերիկացի բանակցողները համաձայնագիրը եվրոպական կառավարություններին ներկայացրել են որպես էներգիայի ծախսերը նվազեցնելու միջոց, քանի որ մայրցամաքը ձմռանը պատրաստվում է գազի համեմատաբար ցածր պաշարներով։ Առաջարկներից մեկի համաձայն՝ Եվրոպայում վաճառքից ստացված եկամուտը կփոխանցվի երրորդ կողմի ավանդային հաշվին, Wall Street Journal-ին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը դիտարկում է նաև «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումների վերականգնման հնարավորությունը՝ ավելի լայն կարգավորման շրջանակներում: Սպիտակ տունը կարծում է, որ դա կարող է օգնել լուծելու ուկրաինական ճգնաժամը և թուլացնել երկարատև լարվածությունը Մոսկվայի ու ԱՄՆ եվրոպական դաշնակիցների միջև:
