Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատասխանել է Բենիամին Նեթանյահուի ուղերձին: Դեկտեմբերի 22-ին Հունաստանի և Կիպրոսի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ երեք երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց, և կոչ է արել «նրանց, որոնք երազում են կայսրությունները վերականգնելու և երեք երկրները վերահսկելու մասին, մոռանան դա»:
«Լինի դա Արևելյան Միջերկրական ծովում, Էգեյան ծովում թե այլուր, մենք չենք ոտնահարում ուրիշների իրավունքները և թույլ չենք տալիս ոտնահարել մեր իրավունքները։ Մենք թույլ չենք տա կիպրոսցի թուրքերի իրավունքների և շահերի ոտնահարում։ Կարելի է պայմանագրեր կնքել, ստորագրություններ դնել, հարցեր տալ և տարբեր հաղորդագրություններ փոխանցել։ Սրանցից ոչ մեկը մեզ չի պարտավորեցնում և չի փոխում մեր քաղաքականությունը»,- հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Անկարան շարունակելու է գործել միջազգային իրավունքի և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում:
Ավելի վաղ Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի 10-րդ եռակողմ գագաթնաժողովը։ Դրա մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։
Բանակցություններին մասնակցել են Բենիամին Նեթանյահուն, նրա հույն գործընկեր Կիրիակոս Միցոտակիսը և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը: «Մենք պայմանավորվել ենք ամրապնդել մեր ընթացիկ եռակողմ համագործակցությունը անվտանգության, պաշտպանության և ռազմական ոլորտի հարցերում»,- ասված է հանդիպումից հետո երեք առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
Գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են տարածաշրջանում ծովային անվտանգության, ինչպես նաև ծովային ուղիների և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությունը: Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի առաջնորդները վերահաստատել են իրենց նպատակները՝ ուղղված «համատեղ էներգետիկ նախագծերի առաջմղմանը, ներառյալ բնական գազի հանքավայրերի մշակումը, միջտարածաշրջանային էլեկտրահաղորդման գծերի ստեղծումը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախաձեռնությունները»:
Երուսաղեմում կայացած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ Բենիամին Նեթանյահուն հեռակա կարգով դիմել է Թուրքիայի ղեկավարությանը՝ չնշելով իր ուղերձի հասցեատիրոջ անունը։ «Նրանց, ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման և մեր հողերի վրա գերիշխանության մասին, ես ասում եմ՝ մոռացե՛ք այդ մասին, դա չի լինելու»,- ասել է Իսրայելի վարչապետը: «Իրոք, անցյալում մեր բոլոր երկրները նվաճվել են միմյանց հաջորդող կայսրությունների կողմից։ Սակայն, արիության և անձնազոհության շնորհիվ, մենք այս դարաշրջանում հասել ենք անկախության»,- շեշտել է նա։ Նեթանյահուն ընդգծել է, որ պաշտպանական առումով Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը լի են վճռականությամբ և նրանց համագործակցությունը «էլ ավելի է ամրապնդում այդ հնարավորությունները»։
Իստ Իսրայելական աղբյուրների՝ երեք երկրների շարժը դեպի ռազմական համագործակցության ամրապնդում վերածվել է համատեղ արագ արձագանքման ուժերի ստեղծման նախագծի: Խոսքը մինչև 2,5 հազար մարդուց բաղկացած զորակազմի մասին է: Այն նախատեսված կլինի ճգնաժամային իրավիճակներում տարածաշրջանում արագ տեղակայման համար: «Հարցի շուրջ քննարկումները դեռևս նախնական բնույթ են կրում, սակայն նման քննարկման փաստն արդեն իսկ վկայում է Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ընդհանուր մտահոգությունների մասին»,- նշել է իսրայելական i24 ալիքը: