Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Էդվարդ Ուորդի հետ: Այս մասին հայտնել է Տնտեսության և կայուն զարգացման նախարարությունը:
Նախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության դինամիկան:
«Նշվեց, որ վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունը երկրի առաջատար ուղղությունն է եղել արտասահմանյան ուղղակի ներդրումների համար, ինչը վկայում է բրիտանական բիզնեսի կողմից վրացական տնտեսության և ներդրումային միջավայրի նկատմամբ արտահայտված վստահության մասին։
Հանդիպման ժամանակ նշվեց, որ Վրաստանը նախատեսում է ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց։ Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքերով՝ երկիրը շարունակում է ինտեգրվել միջազգային տրանսպորտային շուկաներին և գլոբալ մատակարարման շղթաներին՝ ենթակառուցվածքների արդիականացման միջոցով։
Հատուկ ուշադրություն դարձվեց Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև ուղիղ օդային երթևեկության դրական դինամիկային։ Նշվեց, որ British Airways-ի և EasyJet-ի կողմից կարճ ժամանակահատվածում գործունեության մեկնարկը հանգեցրել է երկու երկրների միջև ուղևորափոխադրումների արագ աճի։
Հանդիպման ժամանակ վրացական կողմը նաև կենտրոնացավ ծովային տրանսպորտի ոլորտում պատժամիջոցների կիրառման մեխանիզմների վրա։ Նախարարը նշեց, որ վրացական նավահանգիստներում բոլոր ընթացակարգերը լիովին համապատասխանում են գործող ազգային և միջազգային պարտավորություններին, որոնք Վրաստանը մանրակրկիտ կատարում է։
Միացյալ Թագավորության դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն», — ասվում է տեղեկատվության մեջ։
