Բորժոմի կենտրոնական՝ պատմական զբոսայգում անցկացվել է տարվա գլխավոր տոնական միջոցառումը՝ «Բորժոմոբա 2026»-ը։
Միջոցառմանը ներկա են եղել Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալցխայի, Ադիգենիի, Բորժոմիի և Ասպինձայի դելեգատ Անտոն Օբոլաշվիլին, Բորժոմիի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Փերաձեն և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Տոնական ծրագիրը մեկնարկել է ժամը 12:00-ին և ամբողջ օրվա ընթացքում ներառել մշակութային, ժամանցային ու ճանաչողական բազմաթիվ միջոցառումներ։
Տոնական ձևավորմամբ զբոսայգում՝ զարդարված դեկորատիվ գիրլանդներով և վիմպելներով, այցելուներին դիմավորել են ազգային տարազներով հսկա տիկնիկներ։ Օրվա ընթացքում կազմակերպվել է վրացական կառնավալային թատերականացված երթ՝ դերասանների, ֆայտոնի և երաժիշտների մասնակցությամբ։ Ներկայացվել են նաև տարբեր ինստալացիաներ և չորս «կենդանի քանդակներ»։
Փոքրիկների համար գործել է ստեղծագործական մանկական անկյուն, իսկ տեղի նկարիչներն ու ձեռներեցները ներկայացրել են իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքի շրջանակում։ Այգու տարածքում կազմակերպվել են նաև լուսանկարվելու անկյուններ, սննդի և հանգստի գոտիներ։
Տոնակատարության շրջանակում Բորժոմիի պատվավոր քաղաքացիների կոչումներ են շնորհվել Թամար Մախարաշվիլիին, Մակա Բլիաձեին և Ջամբուլ Ղոնղաձեին։
Թամար Մախարաշվիլին ծնվել և մեծացել է Բորժոմիում։ Նա զբաղեցնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնը և տարիներ շարունակ ներգրավված է երկրի կրթական համակարգի ռազմավարական ուղղությունների ու հանրակրթության բարեփոխումների գործընթացներում։
Մակա Բլիաձեն գրող է, Բորժոմիի Ռուսթավելիի անվան ընկերության ղեկավար։ Նա ներդրում ունի վրացական մանկական պոեզիայի զարգացման գործում և արժանացել է մի շարք գրական մրցանակների։
Ջամբուլ Ղոնղաձեն, ծնունդով Կորտանեթի գյուղից, մարզիկ է։ Երիտասարդ տարիքում նա սկավառակի նետման մարզաձևում դարձել է Վրաստանի և Անդրկովկասի չեմպիոն, իսկ հետագայում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ և երկար տարիներ աշխատել Բորժոմիի մունիցիպալիտետում։
Միջոցառման համերգային հատվածում ելույթ են ունեցել տեղի երգի և պարի համույթները։ Այնուհետև տեղի է ունեցել մեծ գալա-համերգ՝ վրացական էստրադայի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Համերգը վարել է դերասան Կախա Միքաիշվիլին։
Հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել Աչիկո Բերիձեն, Դաթո Արչվաձեն, Աչիկո Ցանկաշվիլին, Զուկա Խուցիշվիլին, Գիա Նիկոլաձեն, Գելա Դոնաձեն, Անուկի Ցկվիտինիձեն, «Սամանի» տրիոն, Սալոմե Բակուրաձեն, Սոֆո Պապուաշվիլին և Գիգա Պապասկիրին։
«Բորժոմոբա 2026»-ը եզրափակվել է տոնական մեծ հրավառությամբ։
Բորժոմիի 2026 թվականի բյուջեում «Բորժոմոբա»-ն ներառված է մշակութային միջոցառումների ծրագրում։
