Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ մունիցիպալիտետի ավագ դասարանների աշակերտների համար կազմակերպվել է ճանաչողական միջոցառում։ Դրա շրջանակում երիտասարդներն այցելել են Գորելովկայի, Փարվանայի և Ղաուրմայի տարածքներում գտնվող պատմական վայրեր։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը պատմական ժառանգության վերաբերյալ, ավելի խորությամբ ծանոթացնել նրանց հայրենի տարածաշրջանի պատմությանը և նպաստել մշակութային արժեքների հանրահռչակմանը։
Ճանաչողական միջոցառման շրջանակում աշակերտները հանդիպել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով․ երիտասարդները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու քաղաքապետին, ստանալու պատասխաններ և արտահայտելու սեփական կարծիքները։
Հանդիպման ավարտին Անիվարդ Մոսոյանը աշակերտներին հուշանվերներ է հանձնել։
Նման կրթական և ճանաչողական նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների հասարակական կյանքում ներգրավվածությանը, նրանց հետաքրքրությունների զարգացմանը և հայրենի տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության առավել լավ ճանաչմանը։
