Թուրքիան ադրբեջանական գազի ներկրման ծավալները կրճատել է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Թուրքիան ադրբեջանական գազի ներկրման ծավալները կրճատել է. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը


Կառավարության նոյեմբերի 9-նիստից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է սեփական միջոցներով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։

Ըստ նրա, այդ ուղղությամբ կատարվող քայլերը թույլ կտան 2027 թվականից սեփական գազով ապահովել երկրի տնային տնտեսությունների մեկ երրորդին։ Ծավալների աճը կապված է “Օսման գազի” լողացող արտադրական հարթակի հետ, որը Սև ծովի Սաքարիա հանքավայր է ուղարկվել 2026 թվականի հոկտեմբերի 17-ին։ Այն կմշակի հանքավայրից արդյունահանվող գազը և ստորջրյա խողովակաշարերով կհասցնի ափ։

Ըստ Էրդողանի՝ ներկայումս Սև ծովից արդյունահանվող գազը բավարարում է 4 միլիոն տնային տնտեսության կարիքները։ Հարթակի լիարժեք գործարկումից հետո այդ թիվը կկրկնապատկվի՝ հասնելով 8 միլիոն տնային տնտեսության։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ 2027 թվականը բեկումնային է լինելու երկրի էներգետիկ անվտանգության համար։

Գազի արդյունահանման ավելացմանը զուգահեռ՝ Թուրքիան նախատեսում է մեծացնել նաև նավթի սեփական արդյունահանումը Գաբարի հանքավայրում։ Այս համատեքստում Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող պետական մարմինը Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալների մասին վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Ըստ այդմ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 8 միլիարդ 113,03 միլիոն խորանարդ մետր կամ նախորդ տարվա համեմատ 7.8 տոկոսվ պակաս բնական գազ։

Թուրքիայի էներգետիկ շուկայում որպես գազի մատակարար Ադրբեջանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին։ Ուշագրավ է, որ սեպտեմբերին Թուրքիան ավելի քան մեկ երրորդով կրճատել է Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները։

Թուրքիան նաեւ ապահովում է ադրբեջանական գազի դեպի Եվրամիության երկրներ եւ Սիրիա տարանցումը։ Կառավարության նոյեմբերի 9-ի նիստից հետո Էրդողանը քննադատել է “նրանց, ովքեր ծաղրանքով էին նայում Թուրքիայում սեփական գազի եւ նավթի պաշարներ արդյունահանելու ծրագրին”։ Ու՞մ է նկատի ունեցել Թուրքիայի նախագահը, պարզ չէ։

Թուրքիան էներգակիրների արդյունահանման եւ տարանցման հարցում սուր մրցակցության մեջ է Իսրայելի հետ։ Այդուհանդերձ, բացառված չէ, որ էներգակիրների սեփական պաշարների արդյունահանման ծարգիրը միտված է նաեւ Ադրբեջանից կախվախության թուլացմանը։ Թուրք-ադրբեջանական տարաձայնությունների հաղթահարման խնդրի շուրջ փորձագիտական կայուն տպավորություն կա, որ Էրդողանի զիջողականությունը հիմնականում պայմանավորված է թուրքական տնեսության մեջ ադրբեջանական կապիտալի զգալի ներկայությամբ։

Վահրամ Աթանեսյան