«Դեղերի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Հիմնավորմամբ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է դեղերի ֆիզիկական հասանելիությունը խթանելու և դրանով պայմանավորված ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով և բարելավելով բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ապահովման գործընթացը:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը։ ԵՄ անդամ պետությունների համապատասխան սերտիֆիկացման գրասենյակների կողմից գրանցված ու ԵՄ անդամ պետություններում շրջանառվող դեղերը պետք է փաստաթղթային փորձաքննության հիման վրա ճանաչում ստանան և գրանցվեն Հայաստանի ռեեստրում։ Ներկայացվել է Հայաստան-Վրաստան դեղի ներմուծման հոսքերի համեմատականը, նշվել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցում է ստացել 3997 անվանում դեղ, իսկ հարևան Վրաստանում՝ 11 050 դեղ:
Առաջարկվում է օրենքը համալրել «ճանաչման գրանցում» և «թղթային փորձաքննություն» հասկացություններով։ Ճանաչման գործընթացի ներդրմամբ, ըստ Հարություն Հարությունյանի, ոչ միայն պետական բյուջե մուտքերը կավելանան, այլ նաև գրանցված դեղերի քանակը կմեծանա, ինչը կհանգեցնի ոչ միայն դեղերի ֆիզիկական մատչելիության ապահովմանը, այլ նաև՝ գնիջեցմանը։
Առաջարկվող կարգի ներմուծմամբ ճանաչման հայտին կկցվի բացառապես տվյալ երկրում գրանցումը հավաստող փաստաթուղթը, փաթեթների նմուշները, բժշկական կիրառման հրահանգը, օգտագործման հրահանգը, ներդիր թերթիկն ու դրա թարգմանված տարբերակը։ Ի տարբերություն գործող կարգավորման՝ չի նախատեսվում դեղի ամբողջական ներկայացում ու լաբորատոր փորձաքննություն։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասին։ Առաջարկով ճանաչման գրանցման հայտ կարող է ներկայացնել հայտատուն, դեղ արտադրողը կամ ՀՀ-ում նույն օրենքով սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ու պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստացած մատակարարը, որին փոխանցվում են նույն օրենքով սահմանված գրանցման հավաստագրի իրավատիրոջ պարտականությունները։ Դա, Հարություն Հարությունյանի խոսքով, կխթանի դեղեր ներմուծող ուժերի միջև մրցակցությունը, այլ տնտեսավարող սուբյեկտների ևս հայտ ներկայացնելու հնարավորություն է տալու։
Ի պատասխան հնչած այն տեսակետի, թե դեղերի գների մասով վերջին տարիներին էական փոփոխություններ չեն արձանագրվել՝ հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը նկատել է, որ առողջապահության ոլորտում ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որի շրջանակում ՀՀ քաղաքացիներն անվճար կամ առնվազն համավճարով են դեղեր ստանում։ Վրաստանի հետ համեմատության մասով էլ հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ իրավիճակները տարբեր են, մի շարք հանգանքներ հաշվի չեն առնվում, այդ թվում այն, որ դեղերի շրջանառության համար Վրաստանը տրանզիտ երկիր է, այսինքն՝ այնտեղից նաև դեղերի վերաարտահանում է տեղի ունենում։
Հարակից զեկույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահական հասանելիությունն ապահովելու նպատակով իշխող ուժը ներդրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը նաև դեղերի շուկային է վերաբերում։ «Համակարգի ներդրումն ինքնին առանց որևէ լրացուցիչ քայլերի մղում է դեղագործական ընկերություններին գալ Հայաստան, գրանցել իրենց դեղերը, մատակարարել դրանք, վերանայել իրենց գնային քաղաքականությունը, որովհետև ունենք կանխատեսելի գնման շրջանակ։ Պետությունը ստեղծել է ապահովագրական համակարգ, որը նաև ամենակարևոր երաշխիքն է, որ դեղորայքը հասանելի է քաղաքացիներին»,- արձանագրել է նախարարն ու հավելել․ «Ձեր նշած ցանկության իրականացումն այս նախագծով հնարավոր չէ»։ Անահիտ Ավանեսյանի գնահատմամբ՝ ներկայացված նախագծով առաջարկածն այսօր արդեն կարգավորված է։ Նախարարը խոսել է նաև օրենսդրական փաթեթի հակասող դրույթներից, մի շարք տեսակետների առնչությամբ հակափաստարկներ ներկայացրել, միևնույն ժամանակ հիշեցրել, որ Վրաստանը ԵՄ անդամ չէ ու Վրաստանում չկան ԵՄ մաքսային տուրքերը դեղերի վրա։
Համաձայնելով, որ մեր երկրում դեղերի շուկան կարիք ունի վերափոխման՝ ոլորտի պատասխանատու նախարարը կարծիք է հայտնել, որ Հայաստանի՝ փոքր շուկա լինելու հանգամանքը ստիպում է ավելի մանրակրկիտ և հնարավորինս ճկուն կարգավորումներ առաջարկել, որ մեր քաղաքացիների համար դեղերը հասանելի լինեն։ «Արդյոք այս փոփոխությունը կլուծի՞ դեղերի հասանելիությունը։ Մեր կարծիքով՝ հասանելիությունը լուծում է առողջության համընդհանուր ապահովագրությունը»,- ընդգծել է նախարարն ու խոսել խնդրի կարգավորման մեխանիզմների մասին։
Հարցի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով՝ լրամշակելու նպատակով։
