Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացրել է հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը:

Յոհան Վադեֆուլը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Վերջում ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և Յոհան Վադեֆուլին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը: