Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ԱՀ դատախազություն

Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ԱՀ դատախազություն

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները՝ ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:

Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աչցախի ՊԲ-ն հայտնել էր՝ այսօր՝ ժամը 14։00-14։30 սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարը՝ նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ. արձակվել էր 4 հատ ական։