Մարտի 11-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը հանդիպեցին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տվյալ գրասենյակի փորձագետ Իզաբելա Օսիպովայի հետ:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես առանձին ուշադրության արժանացան Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները եւ այդ ոլորտի աշխատակիցների կողմից հաճախ թույլ տրվող մարդու իրավունքների խախտումները:
Հատուկ անդրադարձ կատարվեց օրեր առաջ Ախալքալքի վաճառակետերում հայտնաբերված ծաղկած խաչով ոտնատակով կոշիկի հարցին: Զրույցի ընթացքում ընդգծվեց, որ դա կրոնական իրավունքների մասսայական խախտում է:
Քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ խնդիրները նախորդ իշխանությունների ժամանակվա համեմատ նվազելու բնույթ են ստացել, սակայն ընդհանուր առմամբ ներկա դրությամբ մեծ բան չի փոխվել: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասնական ջանքերով աշխատել բոլոր կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ: