Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետը չի հրապարակվում. Պեսկով

Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետը չի հրապարակվում. Պեսկով

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետ չի հայտարարվել՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով համապատասխան հարցը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ ծրագրի։ Այն կավարտվի ժամանակին և ամբողջությամբ:

Պեսկովը նաև նշել է, որ ռուսական զինված ուժերը չեն բացառում Ուկրաինայում խոշոր բնակավայրերի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելու հնարավորությունը՝ միաժամանակ ապահովելով բնակչության առավելագույն անվտանգությունը:

Նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան ուշադրություն է դարձրել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի վերջին հայտարարություններին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իբր, հիասթափված է, որ խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, զորքերն իր ուզած ձևով առաջ չեն գնում, և, իբր, դրա հետ կապված՝ ավելացնում է հարձակման ենթակա թիրախների թիվը։

Պեսկովը պարզաբանել է, որ «Գործողության սկզբում Ռուսաստանի նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը՝ ձեռնպահ մնալ խոշոր բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի վրա արագ հարձակումից, քանի որ զինված ազգայնական կազմավորումները վերազինում են կրակակետերը և ծանր զինտեխնիկա են տեղակայում բնակելի թաղամասերում»: Իսկ այնտեղ ռազմական գործողությունները «անխուսափելիորեն կհանգեցնեն քաղաքացիական բնակչության մեծ կորուստների»։

«Գործողությունը ծրագրվել է հենց այս հանգամանքը հաշվի առնելով»,- ընդգծել է Պեսկովը։