ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և սկսել բանակցություններ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում»:
«Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել, վաղ թե ուշ այն մարտի դաշտից կտեղափոխվի բանակցային սեղանի շուրջ:
«Ուկրաինայում պատերազմի շարունակությունը բարոյապես անընդունելի է, քաղաքականապես աններելի և ռազմական տեսանկյունից՝ անիմաստ: Ժամանակն է վերջ դնել այդ սարսափելի անհեթեթ պատերազմին»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Խոսելով հակամարտության հետևանքների մասին՝ Գուտերեշն առանձնացրել է ամբողջ աշխարհում սննդամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գների սրընթաց աճը: Նրա գնահատմամբ՝ այս ամենը կարող է հանգեցնել գլոբալ ճգնաժամի: