Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, մարտի 21-ի երեկոյան հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախի տեղեկատվական շտաբ
«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը: Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին և դիմում հանցավոր քայլի»:
Ադրբեջանի հերթական հանցավոր քայլի մասին Արցախի կառավարությունը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Ընթանում են բանակցություններ:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) — Տարբեր սադրանքներով ժողովրդին հիասթափեցնելու, Արցախից հեռացնելու քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Եվ ակնհայտ է, որ Արցախին վերջնական տիրանալու համար միայն այս տարածքը հայաթափելով կարող է հասնել իր նպատակին: Բնականաբար, նույնպես ակնհայտ է, որ ինչքան այստեղ շատ մարդ մնա, ինչքան այստեղ ապրենք, արարենք և ուժեղանանք, այնքան հարցի լուծման մեր տարբերակը մեզ ավելի մոտիկ է լինելու:
ՀՀ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ ԿՈՉ ԵՆ ՀՂԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ
Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները: Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման Ադրբեջանի պետական քաղաքականությունը դատապարտել են Քրիստիննե Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը՝ կոչ անելով մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար:
Ավելի քան 100000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը դժվարանում է ասել, թե երբ Արցախում կրկին գազամատակարարում կլինի: Գազատարի մոնտաժումն առայժմ իրատեսական չէ, քանի որ դեռ հստակ չէ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վերջնական տարբերակը:
Հայկ Խանումյան — Դա հնարավոր կլինի միայն նոր ճանապարհի կառուցումից հետո կամ կառուցմանը զուգահեռ: Այս պահին դա անիմաստ է, որովհետև այնքան էլ հստակ չէ, թե ճանապարհների տարբեր հատվածներ որտեղով են անցնելու:
Հայկ Խանումյանն ընդգծում է՝ որպեսզի գազամատակարարման խափանումները էական խնդիրներ չհարուցեն, այլընտրանքային աղբյուրների որոնումն առաջնահերթություն է: