Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին

Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին

Հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ` տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին։ Այս մասին հայտնել է AFP-ն։

Թբիլիսիի կենտրոնական` Ազատության հրապարակում, ցուցարարները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշները, ոմանք՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» գրությամբ պաստառներ։

Ցույցը նախաձեռնել են վրացական մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Վրաստանի եվրոպական ուղեծիրը» և «Իմ ձայնը ԵՄ-ին» կոալիցիան:

Ակնկալվում է, որ ընտրությունում հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների միջև, որոնք Եվրամիության հետ մերձեցման կողմնակիցներն են։

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ «Վրացական երազանքը» կարող է ստանալ ձայների ավելի քան 30 տոկոսը, մինչդեռ ընդդիմադիր ուժերի օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների մոտ 50-55 տոկոսը։