ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Bloomberg-ի հետ զրույցում պատասխանել է հարցին՝ արդյոք ընտրվելու դեմքում նա կդիտարկի հակառուսական պատժամիջոցները մեղմելու հնարավորությունը: «Պատժամիջոցներով մենք հեռացնում ենք բոլոր նրանց, ովքեր մոտենում են մեզ: Չեմ սիրում պատժամիջոցները»,- նշել է Թրամփը: Նա հերթական անգամ կրկնել է, որ լավ հարաբերությունների մեջ է եղել Վլադիմիր Պուտինի հետ, և թե Ռուսաստանը երբեք չէր ներխուժի Ուկրաինա, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը:
Կրեմլից արձագանքել են Թրամփի խոսքին: ՌԴ նախագահի խոսնակը հիշեցրել է՝ Թրամփի նախագահության օրոք Դաշնության դեմ բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառվել: Սակայն, Դմիտրի Պեսկովի խոսքով, կողմերի միջև երկխոսություն է եղել, ինչը կարելի է դրական համարել:
Bloomberg-ի հետ զրույցում Թրամփը միաժամանակ նշել է՝ իր իշխանության ժամանակ անհրաժեշտ է համարել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։
«Իրանի դեպքում ես պատժամիջոցները շատ օգտակար էի համարում, բայց սկզբունքորեն այդ դեպքում էլ նման միջոցներն այնքան էլ անհրաժեշտ չէին»,- հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։