ԱՄՆ-ի և Իսրայելի առաջարկով պաղեստինցի քաղաքական գործիչ Մուհամմեդ Դահլանը կարող է գլխավորել Գազայի անվտանգության ուժերը

ԱՄՆ-ի և Իսրայելի առաջարկով պաղեստինցի քաղաքական գործիչ Մուհամմեդ Դահլանը կարող է գլխավորել Գազայի անվտանգության ուժերը

Միացյալ Նահանգների, Իսրայելի և արաբական երկրների մի շարք պաշտոնյաներ առաջարկում են ԱՄԷ արտագաղթած պաղեստինցի քաղաքական գործիչ Մուհամմեդ Դահլանին ղեկավարել Գազայի հատվածում պաղեստինյան անվտանգության ուժերը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

«Արաբ պաշտոնյաներն ասել են, որ ներկայումս քննարկվող տարբերակի համաձայն՝ Դահլանը կունենա 2500 հոգանոց պաղեստինյան անվտանգության ուժեր, որոնք կաշխատեն միջազգային ուժերի հետ, մինչև տարածաշրջանից իսրայելական զորքերի դուրս գալը»,- նշում է WSJ-ը:

Ըստ թերթի տեղեկության՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը և Եգիպտոսը կհետևեն պաղեստինյան ուժերին, որոնք ուղղակիորեն չեն ենթարկվի Պաղեստինի ազգային իշխանությանը, որի վերահսկողությունը Գազայի հատվածում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անընդունելի է համարում:

WSJ-ը նշում է, որ որոշ բանակցողներ Դահլանին դիտարկում են որպես խնդրի ժամանակավոր լուծման մի մաս, որն ընդունելի կլինի ԱՄՆ-ի, Իսրայելի, Պարսից ծոցի երկրների և ՀԱՄԱՍ-ի համար: Դահլանը համարվում է ինչպես ՀԱՄԱՍ-ից, այնպես էլ Պաղեստինի ազգային իշխանությունից անկախ առաջնորդ: Նա հարուստ գործարար է, նախկինում հայտարարել է, որ չի ցանկանում ինքնուրույն կառավարել Գազան: Ըստ թերթի՝ նա կապեր ունի տեղական խմբերի հետ, որոնք կարող են օգնել անվտանգության ուժերի ձևավորմանը: