Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը:

Օլաֆ Շոլցը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակում Շոլց-Փաշինյան-Ալիև համատեղ հանդիպման կարևորությունը։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքները:

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է, որ սահմանազատումը բանակցային գործընթացի անբաժանելի մասն է, այդ ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, և աշխատանքները շարունակվելու են: Նա հավելել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը:

Սակայն, Ալիևի խոսքով, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի, քանի որ այն, իբր, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում: