Լոնդոնը Ուկրաինային թույլ է տվել Storm Shadow հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ

Լոնդոնը Ուկրաինային թույլ է տվել Storm Shadow հրթիռներ արձակել Ռուսաստանի ուղղությամբ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել հեռահար Storm Shadow հրթիռները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար՝ գրել է The Guardian-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Storm Shadow-ը անգլո-ֆրանսիական թևավոր հրթիռ է, որի հեռահարությունը մոտավորապես 560 կմ է։

Պարբերականը նշել է, որ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևվիդ Լեմին ժամանել էին Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար զենքերն օգտագործելու հարցը։

Թերթի աղբյուրներն ընդգծել են, որ Բլինքենն ու Լեմին միասին Կիև են եկել միայն այն պատճառով, որ Storm Shadow-ի վերաբերյալ դրական որոշում է կայացվել։ Պարբերականը նաև հավելում է, որ Ուկրաինայի կողմից հրթիռների օգտագործումը, ամենայն հավանականությամբ, ենթարկվելու է սահմանափակումների՝ «անխոհեմ կամ անհարկի հարձակումներից խուսափելու համար»։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մշակվում է Ուկրաինայի համար հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու հարցը՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու նպատակով: Իր հերթին Բլինքենը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահի թույլտվությունն այդ հարցում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ ըստ Կրեմլի՝ ԱՄՆ-ն արդեն որոշել է վերացնել ATACMS հրթիռների կիրառման սահմանափակումները՝ Ուկրաինայից ռուսական տարածք հարվածելու համար։ Պեսկովը խոստացել է համարժեք պատասխան տալ Վաշինգտոնի հնարավոր թույլտվությանը: