Եվրապատգամավորը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները

Եվրապատգամավորը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները

Ես գնալով ավելի եմ մտահոգվում մարդասիրական ճգնաժամի եզրին գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչների աղետալի վիճակով, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վրա: Այս մասին նշված է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարության մեջ:

Նա գործընկերներին հիշեցրել է, որ մարտի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող գազամուղը, և այնտեղի ողջ բնակչությունն արդեն մեկ շաբաթ է՝ մնացել է առանց գազի մատակարարման: Նա կոչ է արել անհապաղ պայմաններ ստեղծել գազամուղի աշխատանքը վերականգնելու համար:

«Միաժամանակ, մարտի սկզբից հաճախակի են դարձել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումները, ներառյալ՝ Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի ականանետներից Լեռնային Ղարաբաղի մի քանի գյուղերի գնդակոծման մասին: Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանակը բարձրախոսներով գյուղերի հայ բնակչությանը կոչ է անում լքել այդ շրջանը՝ ուժեղացնելով հոգեբանական ճնշումն ու ուժի կիրառման սպառնալիքը»,- նշված է պատգամավորի հայտարարության մեջ:

Կալյուրանդը մտահոգություն է հայտնել այդ զարգացումների և Արցախում մարդասիրական իրավիճակի կապակցությամբ և խստորեն դատապարտել քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ցանկացած թշնամական գործողություն:

«Ես վերահաստատում եմ իմ կոչը՝ շուտափույթ վերսկսելու բանակցություններ հակամարտության կայուն կարգավորման շուրջ, և հիշեցնում եմ, որ ԵՄ-ն պատրաստ է ակտիվ օգնություն ցուցաբերել՝ վստահության ամրապնդման և հումանիտար ու այլ հարցերի լուծման համար»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։