Իրավիճակը շատ պարզ է։ Հիմա 64 միլիարդ դրամի չարաշահումը եղե՞լ է, թե՞ չի եղել, որովհետև ամեն ինչ պետք է սկսվի այդ հարցի պատասխանից։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Եթե Հայաստանի իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, գնացել են այդպիսի քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, դա նշանակում է՝ առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այս իրավական գործընթացը սկսելու։ Եվ ես կարծում եմ, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ արդեն երևի մոտավորապես, ինչքա՞ն ասեմ, 30 և ավելի տարի, երբ կոնկրետ դեպքի մասին է խոսվում, թալանը քողարկվում է, ինչ-որ տերմիններ են հնչում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա և այլն, և այլն։ Այսինքն՝ մենք այդ միտումը տեսնում ենք, և հարցը հետևյալն է. այսինքն՝ եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ի՞նչ ուրեմն։ Հայաստանի իրավապահ համակարգն ի՞նչ պիտի անի։ Պիտի գործի։ Բնականաբար, պիտի գործի, և դա ժողովրդի պահանջն է և պայմանը։ Եթե 64 միլիարդի չարաշահում է եղել, ի՞նչ կապ ունի Ալիևն այդտեղ, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, կամ ի՞նչ կապ ունի որևէ ուրիշ բան։ Մենք, ի վերջո, մեր, այսպես կոչված, բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է, որ այդ ըմբռնումը, ի վերջո, տեղի ունենա»,- նշեց Փաշինյանը։
