Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին:
Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը:
Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը: