Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի հետ զրույցից հետո ասել է, որ «լավատեսորեն» է տրամադրված առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հրադադարի վերաբերյալ:
Հոխշտեյնը և ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան հարցերով խորհրդական Բրեթ Մաքգուրքը հինգշաբթի կժամանեն Իսրայել՝ քննարկելու, «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունները, Իրանի հետ դիմակայությունը, Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ճակատագիրը և «տարածաշրջանային այլ հարցեր»՝ հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Ավելի վաղ իսրայելական Kan TV հեռուստաալիքը հայտնել էր Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի հնարավոր համաձայնագրի նախագծի մասին։ Փաստաթուղթը նախատեսում է իրականացման 60-օրյա ժամկետ, որի ընթացքում լիբանանյան բանակը զորքեր կտեղակայի սահմանի երկայնքով և կառգրավի «Հըզբոլլահի» զենքը հարավային Լիբանանում: Իսրայելի Պաշտպանության ուժերը կհեռանան Լիբանանից՝ ռազմական գործողությունների ավարտից հետո յոթ օրվա ընթացքում: Նրանց կփոխարինեն լիբանանցի զինվորականները, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահները կնպաստեն տեղափոխությանը: Իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով կլինի Իսրայելի պաշտպանության բանակի 10 հազար զինծառայող։
Իր հերթին The Jerusalem Post-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելի պաշտպանական ուժերը չեն լքի հարավային Լիբանանը, քանի դեռ ձեռք չի բերվել հրադադարի արդյունավետ և իրատեսական համաձայնություն։
Միևնույն ժամանակ, «Հըզբոլլահի» նոր առաջնորդ Նաիմ Ղասեմը հայտարարել է, որ խմբավորումը կշարունակի պատերազմել Իսրայելի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվել հրադադարի ընդունելի պայմաններ։