Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի

Գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին։

Մրցանակը գիտնականներին շնորհվել է նրանց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում հաստատությունները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա: 

Դափնեկիրները ցույց են տվել, որ երկրների բարեկեցության մակարդակի տարբերությունների պատճառներից մեկը հասարակական ինստիտուտներն են, որոնք ի հայտ են եկել գաղութացման ժամանակ:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ բացատրում են, թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։ 

Տարոն Աճեմօղլուն ծնվել է Ստամբուլի հայ ընտանիքում, ավարտել է Գալաթասարայի վարժարանը, բակալավրի կոչում ստացել Յորքի համալսարանում, մագիստրոսի կոչում և դոկտորի կոչում՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ Սայմոն Ջոնսոնը ծնվել է բրիտանական Շեֆիլդ քաղաքում, ավարտել է Օքսֆորդը, ստացել մագիստրոսի կոչում Մանչեսթերի համալսարանում և դոկտորի կոչում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Ջեյմս Ռոբինսոնը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, բակալավրի կոչում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, մագիստրոսի կոչում՝ Ուորվիքի համալսարանում և դոկտորի կոչում՝ Եյլի համալսարանում։ Աճեմօղլուն և Ջոնսոնը ներկայումս աշխատում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ Ռոբինսոնը՝ Չիկագոյի համալսարանում:

Տարոն Աճեմօղլունն ու Ջեյմս Ռոբինսոնը նաև հանրահայտ «Ինչու են ազգերը ձախողվում. իշխանության, բարգավաճման և աղքատության սկզբնաղբյուրները» գրքի համահեղինակներն են: