Բեռլինում մեկնարկել է «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը, ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
«Քննարկեցինք առանցքային հարցեր և Ուկրաինայի կարիքները՝ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին հակազդեցությունը, էներգետիկայի և ենթակառուցվածքների պաշտպանությունը, ինչպես նաև մեր դիվանագիտական գործունեությունը։ Կարևոր է, որ «Պատրաստակամների կոալիցիայի» այսօրվա հանդիպումը և պետությունների ղեկավարների հետ երկկողմ բանակցությունները կոնկրետ արդյունքներ բերեն», – «Տելեգրամի» իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հանդիպումից առաջ նշել էր, որ Ուկրաինայի առաջնահերթությունների թվում են հակաօդային պաշտպանության ամրապնդումը, էներգետիկ ոլորտին աջակցությունը և ֆինանսական օգնությունը, դիվանագիտական կարգավորումը, ինչպես նաև պատերազմի ավարտի և անվտանգության ապահովման հետագա քայլերը։
«Անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Եվրոպան բանակցային գործընթացի լիարժեք մասնակից լինի, իսկ հանդիպումները կոնկրետ արդյունքներ բերեն»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։
Բեռլինում «Պատրաստակամների կոալիցիայի» հանդիպման շրջանակում նախատեսված են նաև Զելենսկու երկկողմ հանդիպումները եվրոպացի գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
