Նոյեմբերի 19-իմ Թբիլիսիում տեղի է ունեցել «Շուկաների կապակցում, փոխկապակցվածություն և կայուն աճ» խորագրով Սևծովյան հարթակի տարեկան համաժողովը, որին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։
Համաժողովին ներկա են եղել տարածաշրջանի երկրների պետական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Հայաստանը միջոցառմանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի ղեկավար Ռուզաննա Այվազյանը։
Համաժողովին ներկայացուցչական պատվիրակություններով մասնակցել են նաև Հայաստանի լոգիստիկ ասոցիացիան և Լոգիստիկայի և ենթակառուցվածքների զարգացման ասոցիացիան՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։
Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը, Միջին միջանցքի արդյունավետության բարձրացումը, Սևծովյան նավահանգիստների և դրանց հարակից ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև տարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
