Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակ գյուղում ավարտվել են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Կատարված աշխատանքներին տեղում ծանոթացել են մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը, վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը և վարչական ծառայության պետ Վաչագան Ծորմուտյանը։
Նախագծի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել և ասֆալտապատվել են գյուղի մուտքի ճանապարհը և ներքին գյուղական ճանապարհահատվածը։
Շուրջ 2,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը միացնում է Զակ և Բուղաշեն գյուղերի միջև գործող ճանապարհը՝ ապահովելով բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ տեղաշարժ։
Աշխատանքներն իրականացվել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 669 580 լարի։
