Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում

Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։

ՇՄՆ-ից հայտնում են՝ Մարիյասինը շնորհավորել է Հայաստանին Երևանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) պատշաճ մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու կապակցությամբ՝ ընդգծելով համաժողովի կարևորությունը կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական օրակարգի առաջմղման գործում։

Վերջինս շնորհակալություն է հայտնել շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանին՝ Էսպոյի կոնվենցիայի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա՝ անդրսահմանային համատեքստում) նախագահությունը ստանձնելու համաձայնության համար՝ կարևորելով Հայաստանի ներգրավվածությունը կոնվենցիայի աշխատանքներում և բնապահպանական հարցերի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ոլորտին։

Կարևորվել է ջրային ոլորտում առկա համագործակցության ներուժի լիարժեք օգտագործումը, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի և նախաձեռնությունների մշակման միջոցով։ Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կայուն կառավարման, անդրսահմանային ջրային համագործակցության, ջրային էկոհամակարգերի պահպանության, ինչպես նաև կլիմայի փոփոխության պայմաններում ջրային ռեսուրսների նկատմամբ դիմակայունության բարձրացման ուղղություններով գործնական համագործակցության հեռանկարներին։