Կարմիր ծովում աշխատում են կանխել նավթի արտահոսքը հրկիզված լցանավից. BBC

Կարմիր ծովում աշխատում են կանխել նավթի արտահոսքը հրկիզված լցանավից. BBC

Կարմիր ծովում գործողություն է իրականացվում՝ կանխելու Եմենի հութի ապստամբների հարձակմանը ենթարկված լցանավից մոտ մեկ միլիոն բարել նավթի արտահոսքը։ Հունական դրոշով MV Sounion տանկերն անցյալ շաբաթ խոցվել է հրետանային կրակից և անհայտ մոդիֆիկացիայի արկերից, հայտնում է BBC-ն:

Անձնակազմի 25 անդամին փրկել է եվրոպական ռազմանավը։ Ավելի ուշ հութիները, ինչպես երևում է իրենց հրապարակած տեսանյութից, բարձրացել են լցանավի վրա և մի քանի վայրում հրկիզել տախտակամածը։ Հութիների առաջնորդը հարձակումն անվանել է խիզախ ու համարձակ:

Երկուշաբթի ԵՄ զինվորականները, որոնք ապահովում են փրկարարական գործողության անվտանգությունը, հայտնել են, որ նավը դեռ այրվում է:

Փորձագետները զգուշացրել են, որ եթե հրդեհը հնարավորինս շուտ չմարվի, պատմության մեջ նավթի ամենամեծ արտահոսքի վտանգ կառաջանա։

Վերջին 10 ամսվա ընթացքում հութիները Կարմիր ծովում հարձակվել են մի քանի օտարերկրյա նավի վրա։ Խմբավորումն իր գործողությունները բացատրում է ՀԱՄԱՍ-ին աջակցելու ցանկությամբ։