ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել է օգոստոսի 15-ի բանակցություններին ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի Գազայում անհապաղ և կայուն հրադադարի հասնելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու շրջանակը:
«Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգոստոսի 1-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատության ապահովման գործում համագործակցության և ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի համատեղ հայտարարությանը աջակցելու համար, որը կոչ է անում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները»,- ասված է պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքական կողմի տվյալով՝ Ֆիդանը նշել է, որ Գազայում մշտական հրադադարի հասնելու համար հարկավոր է ճնշում գործադրել Իսրայելի վրա: «Տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս, Իսրայելը պետք է ձեռնպահ մնա սադրիչ քայլերից»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև իրավիճակը Սուդանում, ինչպես նաև անդրադարձել են Եթովպիայի և Սոմալիի միջև հարաբերություններում Թուրքիայի միջնորդությանը: