Թուրքիան Աբխազիայի անկախությունը չի ճանաչի, բայց ձևավորված կապերը կպահպանի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Թուրքիան Աբխազիայի անկախությունը չի ճանաչի, բայց ձևավորված կապերը կպահպանի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը


Նոյեմբերի 17-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մի քանի պատգամավորներ հանդես են եկել Աբխազիայի հետ բարեկամության խումբ (Abhazya Dostluk Grubu) ձևավորելու նախաձեռնությամբ։

Այդ առթիվ Անկարա է մեկնել Աբխազիայի ներկայացուցչական պատվիրակություն։ Ըստ Սուխումի աղբյուրների՝ խումբը ձևավորվում է, որպեսզի «հաղթահարվի Աբխազիայի մեկուսացումը»։

Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հասնել Թուրքիայի կողմից Աբխազիայի անձնագրերը որպես ճամփորդական փաստաթուղթ ճանաչելուն, ինչպես նաև օդային և ծովային հաղորդակցության հաստատմանը, ուղղակի բեռնափոխադրությունների իրականացմանը։ Թե ինչ փուլում է նախաձեռնության քննարկումը, այդ մասին առայժմ տեղեկություններ չկան։ Փոխարենը հայտնի է դարձել, որ Թուրքիայում գործող վրացական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Նրանք Թուրքիայի իշխանություններին կոչ են արել հարգել Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Աբխազիայից բռնի տեղահանման ենթարկված վրացիների վերադարձի իրավունքը։ Հայտարարության հեղինակները պնդել են, որ Թուրքիայի որոշ աբխազամետ շրջանակներ և ընդդիմադիր պատգամավորներ փորձում են «քաղաքական լեգիտիմություն հաղորդել Վրաստանի տարածքում ստեղծված անջատողական վարչակազմին»։

Խոսքը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի աբխազա-աբազինական համայնքի մասին է, որը Աբխազիան համարում է «պատմական հայրենիք» և ձգտում նրա փաստացի անկախության միջազգային ճանաչմանը։

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում «Աբխազիայի բարեկամության խումբ» ստեղծելու նախաձեռնությունը ժամանակային առումով համընկել է Ռուսաստան-Վրաստան երկխոսության վերսկսման մասին տեղեկատվությանը, որը պաշտոնական Թբիլիսին չի հերքել։ Դա հազիվ թե պատահական զուգադիպություն լինի։ Թուրքիայի կողմից Աբխազիայի անձնագրի ճանաչումը, վրացական նախկին ինքնավարության հետ առևտրատնտեսական և լոգիստիկ կապերի ստեղծումը Ռուսաստանի համար էական նշանակություն ունեն։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն օրերս Սիրիայի իշխանություններին հորդորել է հետ կանչել Աբխազիայի անկախության ճանաչման որոշումը, որը Դամասկոսը կայացրել է Բաշար Ասադի իշխանության շրջանում։

Թուրքիան Եվրամիության հետ առևտրատնտեսական խոր և բազմակողմ կապեր ունի, այդ թվում՝ անվտանգային բնագավառում և, ամենայն հավանականությամբ, Աբխազիայի փաստացի անկախության ճանաչման ուղղությամբ գործնական քայլեր չի ձեռնարկի։ Անկախությունից ի վեր Վրաստանը և Թուրքիան զարգացրել են ոչ միայն երկկողմ, այլև Ադրբեջանի հետ տարածաշրջանային նշանակության հարաբերություններ, փոխկապակցված են նաև ռազմական բնագավառում համագործակցության պայմանավորվածություններով։ Անկարան, այդուհանդերձ, որոշակի կապեր ունի նաև Աբխազիայի հետ և, ըստ երևույթին, դրանք կպահպանի։

Վահրամ Աթանեսյան