Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել. տեսանյութ

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել. տեսանյութ

Կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում` ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:
 
Թրամփն ընդհատել է ելույթը իր կողմնակիցների առաջ, ընդ որում, քաղաքական գործիչը բեմից հեռացել է արնահոսող ականջով:
 
Թրամփի ելույթը հեռարձակել են տեղական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Բաթլեր քաղաքում:
Թրամփի ելույթը տևել է ընդամենը մի քանի րոպե և անսպասելի ընդհատվել է, երբ քաղաքական գործիչը խոսելիս է եղել անօրինական ներգաղթի խնդիրների մասին:
 
Անսպասելի հնչել են կրակոցներ, ինչից հետո բեմին գտնվող Թրամփը ձեռքը տարել է ականջը և նստել տրիբունայի հետևում: Նրան շրջապատել են թիկնապահները:
 
Թրամփին տեղափոխել են Փենսիլվանիայի հիվանդանոցներից մեկը:
 
Ավելի ուշ նա հայտարարել է, որ վիրավորում է ստացել ականջի շրջանում և շատ արյուն է կորցրել:
 
 
BNO News պորտալի տվյալով՝ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
 
Գաղտնի ծառայության գործակալները չեզոքացրել են կրակ բացած անձին: Հրաձգության հետևանքով մեկ մարդ սպանվել է, 2 մարդ ստացել է ծանր վիրավորում:
 
ԱՄՆ նախագահին տեղեկացրել են տեղի ունեցածի մասին: Ջո Բայդենը հայտարարել է, որ բավականաչափ տեղեկություն չունի՝ տեղի ունեցածը որպես հարձակում որակելու համար:
 
Գաղտնի ծառայությունը հետաքննություն է իրականացնում: Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում: