Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն

Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն

Լիբանանում փեյջերների պայթյուններն Իրանը գնահատել է որպես Իսրայելի իրականացրած ահաբեկչական գործողություն՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդին։

Փաստաթղթում նշված է․

«Իրանը վճռականորեն դատապարտում է Իսրայելի հանցավոր ռեժիմի այդ ահաբեկչական գործողությունը։ Այդ հակաիրավական գործողությունները ահաբեկչություն են՝ ուղղված տարածաշրջանում լարվածության աճին և տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ։ Իսրայելական ռեժիմն, անկասկած, լիարժեք պատասխանատվություն է կրում այդ հանցանքի համար»։

Իրանը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կապված Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման հետ։ Նամակում նշված է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում միջազգային իրավունքի սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։