Արաբական երկրները, հավանաբար, թույլ չեն տա Իսրայելին՝ իրենց օդային տարածքն օգտագործել Իրանի վրա հնարավոր հարձակման համար՝ NBC-ին ասել է Պարսից ծոցի դիվանագետը:
Տարածաշրջանի երկրներից մեկ այլ դիվանագետ էլ նշել է, որ Իրանը զգուշացրել է տեղի երկրներին, որ եթե նրանք որևէ օգնություն ցուցաբերեն Իսրայելին, դա կարող է հանգեցնել պատերազմի:
«Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը շահագրգռված չէ ընկնել խաչաձև կրակի մեջ: Մեր ուշադրության կենտրոնում իրավիճակի ապաէսկալացիան է»,- ասել է նա:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թեհրանը դիվանագիտական ուղիներով սպառնացել է հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների վրա, եթե նրանց ցամաքային և օդային տարածքներն օգտագործվեն Իրանին իսրայելական ակնկալվող հարվածի ժամանակ: Ըստ WSJ-ի՝ սպառնալիքներն իրենց ազդեցությունն են ունեցել, քանի որ արաբական երկրներն ԱՄՆ-ին ասել են, որ իրենք չեն աջակցի Իրանի վրա որևէ հարձակման:
Reuters-ի աղբյուրները նշում են, որ հակամարտության ապաէսկալացիայի հարցով շահագրգռված են ինչպես Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը, այնպես էլ հարևան նավթ արդյունահանող Օմանը և Բահրեյնը։