Դուք և ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար. Կոնջորյան

Դուք և ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար. Կոնջորյան

Նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին Շուշիի 1920 թվականի ջարդերի զոհերի հիշատակը:

Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) — 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան: Այս պահին տեղի ունեցող՝ երեկ Արցախից եկած ազդակների համատեքստում անհրաժեշտ է աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում:

 ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԸ՝ ԱԺ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Արցախում երեկվանից կրկին հումանիտար ճգնաժամ է: Ադրբեջանի ուղիղ միջամտությամբ կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց ստեղծված իրավիճակին:

Հռիփսիմե Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) — Սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ զբաղվում ենք այս խնդրով, սակայն պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը:

Օրվա երկրորդ հատվածում օրենսդիր եկան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Դռնփակ քննարկումն Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի, սպառնալիքների և հրատապ անելիքների թեմայով էր: Մինչև այդ՝ դեռ առավոտյան, «Հայաստան» խմբակցության քարտուղարը հարցրեց՝ ինչո՞ւ է նիստը փակ անցկացվում, չէ՞ որ խնդիրը հանրության լայն շրջանակներին է հետաքրքիր: Փակ ձևաչափ ընտրելու առաջարկը բացատրեց ՔՊ ղեկավարը:

Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) — Այս հարցը, հասկանալի է, որ հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում, սակայն ոչ միայն Հայաստանում է այն հանրային լայն հետաքրքրություն առաջացնում, այլև Հայաստանից դուրս: Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել:

ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Բաց հատվածում խորհրդարանը քննարկեց նաև «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնելուն ուղղված արտահայտությունները, դրանք հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Պատերազմից հետո խնդիրն արդիական է՝ պնդեց իրավաբան պատգամավորը, որի համոզմամբ՝ այս նախագիծն ավելի շատ ուղղվելու է հենց հարևան պետության բարձր ղեկավարության հնչեցրած հայտարարություններն անհետևանք չթողնելուն:

Արամ Վարդևանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) — Խոսում են Սյունիքի մարզի, խոսում են Երևանի մասին, Սևանի մասին ու իրենց զառացանքների պայմաններում փորձում են այդ ամենը Հայաստանին պատկանելության մասով կասկածի տակ դնել:

Վարդևանյանը նկատեց՝ նախագիծը վերաբերելու է նաև Հայաստանի քաղաքացիներին, բայց այն երկրի ներսում պետք է շահառու չունենա: Իսկ արդյոք առաջարկվող փոփոխությունը չի՞ հակասում խոսքի ազատության իրավունքին՝ հարցրեցին մեծամասնության պատգամավորները: Վարդևանյանը նշեց՝ սահմանափակում է, բայց պայքարում է փաստացի քայքայող, կործանող կարծիքի դեմ: Նրա հավաստմամբ՝ սա զուտ իրավական կարգավորում է՝ առանց քաղաքական բաղադրիչի: Իշխանության ձայների մեծամասնությամբ, սակայն, նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում:

Հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը ևս մեկ անգամ պնդեց՝ եղած գործիքակազմով Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանված է, դրա դեմ ուղղված կոչերն էլ քրեականացված են: Ընդդիմության նախագիծը որոշակիության խնդիր ունի՝ գնահատեց պատգամավորը:

Վահագն Հովակիմյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) — Կոչ եմ անում դեմ քվեարկել, քանի որ այս նախագիծը ուղղակի վնասում է ՀՀ քաղաքացու շահերին: Քաղաքացուն դնում են ծանր կացության մեջ, երբ որ քաղաքացին չի իմանալու, թե ինչպիսի իրավաչափ վարքագիծ պետք է դրսևորի, որ ինքը քրեորեն պատժելի արարքը արած չլինի:

Նախագծին դեմ քվեարկելու կոչ արեց նաև Կառավարության ներկայացուցիչը: Հետո քաղաքական ելույթներում իշխանությունն ու ընդդիմությունը իրար մեղադրեցին՝ հիշեցնելով անցյալն ու ներկան: Խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, սակայն, կարծում է՝ նորմալ իշխանությունը պետք է կողմ լինի խստացումներին ու, անկախ անձերից, պաշտպանի երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հայտարարությունները:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) — Եթե մեկը կարա, խոսքը այդ թվում պաշտոնյաների է վերաբերում, ու այս խորհրդարանում եղել են ըտենց պատգամավորներ, որ նման հայտարարություններ են արել, էդ թվում՝ ներկայիս նախագահը, այսինքն՝ ինչ եք ասում, ասում ենք՝ եկեք ասենք, որ մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անձեռնմխելի են: Ինչո՞ւ ենք սա հակադրում խոսքի ազատությանը, Սահմանադրությունն ասում է նաև՝ այս խորհրդարանը պետք է արձանագրի, ու պետք չի հարցը տանել ուրիշ տեղ, մոռացե՛ք էդ նախկիններ-ներկաներ: Էս տեմպերով կարաք 1700 տարի հետ գնաք, հասնելու եք Տրդատ Մեծին, ու ասեք՝ եթե իր ժամանակ քրիստոնեությունը պետական կրոն չլիներ, էսօր ուրիշ կլիներ, ու թուրքերի հետ եղբայրություն կանեինք:

Նախագիծը «տրոյական ձի» որակեց ՔՊ ղեկավարը՝ դրանում թաքնված նպատակներ տեսնելով: Կոնջորյանի կարծիքով՝ եթե այն ընդունվի, ապա քրեական հետապնդման են ենթարկվելու նախագիծը ներկայացրած ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ:

Հայկ Կոնջորյան — Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին ձեր վարչապետի թեկնածուն էր, որ պատերազմի ժամանակ գեներալներին հրավիրում էր Երևանում գործողություններ անելու: Եվ հիմա դուք եկել եք, զբաղվում եք ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությամբ և մեզ մեղադրում եք, թե կարծես մենք չենք պաշտպանում այդ տարածքային ամբողջականությունը: Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, քանի որ դուք հաճախ եք մոռանում և հաճախ եք դիսկուրսը թարմացնում, որ դուք ու ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար:

Կոնջորյանը հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ է քվեարկելու ընդդիմության այդ նախագծին: