Բելառուսին ու Իրանին անհրաժեշտ են ոչ միայն խորհրդակցություններ, այլև համատեղ գործողություններ․ Լուկաշենկո

Բելառուսին ու Իրանին անհրաժեշտ են ոչ միայն խորհրդակցություններ, այլև համատեղ գործողություններ․ Լուկաշենկո

Բելառուսն ու Իրանը դիմակայում են իրենց վրա գործադրվող արտաքին ճնշմանը և զարգացնում են համագործակցությունը՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։

Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկն ու Թեհրանը հայտնվել են «նույն նավակում» և չեն զղջում դրա համար։

«Այնուամենայնիվ, մենք և՛ պատժամիջոցներին, և՛ այլ ճնշումներին դեռ դիմանում ենք։ Մերձավոր Արևելքում, Բելառուսի սահմանների մոտ՝ եվրոպական այս տարածաշրջանում, սուր ռազմաքաղաքական իրադրության ժամանակ մեզ ձեր երկրի հետ ոչ միայն խորհրդակցություններ են անհրաժեշտ, այլև համատեղ գործողություններ»,- նշել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, և «շատ լուրջ թափ են հավաքում» այնպիսի նոր կազմակերպություններ, ինչպիսիք են BRICS-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը։

Լուկաշենկոն նշել է, որ իր երկրում սպասում են Իրանի նախագահի այցին, և եթե իրանական կողմն ընդունի այդ առաջարկը, ապա անհրաժեշտ կլինի բոլոր ուղղություններով լրջորեն պատրաստվել բարձր մակարդակի հանդիպմանը.

«Մեր միջև արգելված թեմաներ չկան: Բելառուսը միշտ եղել է Իրանի հուսալի գործընկերը»,- հավաստիացրել է Լուկաշենկոն։