Մինսկը հայտարարել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի 32 հազար զինվորականի ներկայության մասին

Մինսկը հայտարարել է Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի 32 հազար զինվորականի ներկայության մասին

Բելառուսի սահմանի մոտ կենտրոնացած է ՆԱՏՕ-ի երկրների 32 հազար զինծառայող, ասել է Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության հարցերով օգնական Վալերի Ռևենկոն:

«Շարունակվում է զինված ուժերի համալրումը, մասնավորապես՝ Եվրամիությունում: Եվրոպական տարածաշրջանում մենք արդեն կարող ենք տեսնել մինչև 32 հազար զինվորական ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրներից»,- ասել է նա։

Ավելի վաղ Բելառուսի անվտանգության խորհուրդը հայտարարել էր սահմանին 14 հազար ուկրաինացի զինծառայողի կենտրոնացման մասին։ Իսկ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մոտ տասը գրոհային անօդաչու թռչող սարք Ուկրաինայից խախտել է հանրապետության սահմանը։

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն էլ հայտարարել է՝ հանրապետության հարավում պետական սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ուժեղացվել է՝ անակնկալ հարձակման հնարավորությունը բացառելու համար: «Սահմանն ամրապնդվել է, մոբիլիզացվել են զինված ուժերի լրացուցիչ կազմավորումներ, այլ զորքեր և զորախմբեր։ Միևնույն ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում անօդաչու թռչող սարքերին համապարփակ հակազդեցության և հակադիվերսիոն գործողությունների համակարգի արդյունավետության բարձրացմանը»,- հավելել է Վոլֆովիչը։