Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ

Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի Երուսաղեմ

Նոյեմբերի 4-11-ը Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ կազմակերպվել է ուխտագնացություն դեպի քրիստոնեական աշխարհի սրբավայր՝ Երուսաղեմ։

35 հոգուց բաղկացած ուխտավորների խմբի կազմում ընդգրկված են եղել նաև Ախալցխայի հոգևոր տեսչության հովանու ներքո գործող «Հայք» պարային համույթի սաները։

Ուխտագնացության օրերին մասնակիցներն այցելել են քրիստոնեության պատմության կարևորագույն սրբավայրեր՝ անցնելով այն ճանապարհներով, որոնցով, ըստ քրիստոնեական ավանդության, քայլել է Հիսուս Քրիստոսը։

Այցելության կարևորագույն իրադարձություններից է եղել հանդիպումը Երուսաղեմի Հայոց պատրիարք, Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Ուխտավորները ստացել են Պատրիարք Հոր օրհնությունը, որն առանձնահատուկ խորհուրդ է հաղորդել ուխտագնացությանը։

Ուխտագնացության մշակութային ծրագրի շրջանակներում Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի մեծ դահլիճում «Հայք» պարային համույթը հանդես է եկել գեղարվեստական ծրագրով՝ ներկայացնելով հայկական ազգային պարարվեստն ու մշակութային ավանդույթները։

Ուխտագնացությունը մասնակիցների համար դարձել է հոգևոր և մշակութային նշանակալի իրադարձություն՝ միավորելով հավատքը, ազգային ինքնությունն ու հայկական մշակույթի ներկայացումը Սուրբ Երկրում։