Նինոծմինդայի մունիցիպալիտետում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետարանի ներկայացուցիչների և Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջև։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի ժողովրդական պաշտպանի 2025 թվականի խորհրդարանական զեկույցում մունիցիպալիտետներին ուղղված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության մատչելիությանը, մայրենի լեզվով տեղեկատվության տարածմանը, զբաղվածության և տնտեսական ինտեգրման հարցերին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մշակույթի հանրահռչակմանը։
Կողմերն անդրադարձել են առկա մարտահրավերներին, հետագա համագործակցության հնարավորություններին և ընդգծել մունիցիպալիտետի քաղաքապետարանի ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության կարևորությունը։
